ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԱՍՆ ԱՆՑԿԱՑՐԻՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ

Նորություններ
OLYMPUS DIGITAL CAMERA
Դեկտեմբերի 6-ին ԵՊՀ «Վարդանանք» ակումբի անդամներն այցելեցին Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան համար 2 հիմնական դպրոց:

«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի գործունեության մեջ իր առանձնակի տեղն ունի «Դասը վարում են համալսարանականները» երիտասարդական ծրագիրը: Տարվա մեջ մի քանի անգամ անցկացվող այս ծրագրի նպատակն է և՛ հիշել ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկներին, և՛ ամրապնդել դպրոց-բուհ անմիջական շփումները: Ընդ որում՝ ակումբականները ոչ միայն շփվում են դպրոցականների հետ, պարզում նրանց հետաքրքրություններն ու նախասիրությունները, այլև փոխանցում ընդհանուր գիտելիքներ, որոնք հետագայում նրանց օգնում են բուհ ընդունվելու ժամանակ:

«Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշում է, որ այս ծրագրի միջոցով տարիների ընթացքում ընդլայնվել է դպրոցների հետ համագործակցությունը, ինչպես նաև շփումները աշակերտների հետ. «Հատկապես ավագ դպրոցներ կատարած այցելությունները հետագայում ցույց տվեցին, որ այն դպրոցականները, ովքեր հանդիպումներից հետո ընդունվել են Մայր բուհ, հետագայում դարձել են «Վարդանանք» ակումբի անդամ»:

«Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակներում Արմավիր քաղաքի համար 2 հիմնական դպրոց կատարած այցելությանը վարդանանքցիներին այս անգամ միացել էին նաև «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները, Վարդան Բախշյանի մայրն ու քույրը՝ Աիդա և Աննա Բախշյանները, և ուրիշներ: Նրանք դասարաններ մտնելուց առաջ հանդիպեցին դպրոցի տնօրեն Գևորգ Առաքելյանի հետ: Վերջինս, ողջունելով նախաձեռնությունը, նշեց, որ Վարդան Բախշյանի անունը կրող դպրոցում արդեն բարի ավանդույթ են դարձել համալսարանականների հետ հանդիպումները:

Դպրոց այց կատարած հյուրերը դպրոցականներին ներկայացրին Մայր բուհի դերն ու նշանակությունը, ապա անդրադարձան նրանց հետաքրքրություններին ու անցկացրին նաև մասնագիտական կողմնորոշմանն ուղղված քննարկումներ: Մի շարք դասարաններում էլ աշակերտները թղթերի վրա գրեցին հայրենասերի կերպարի իրենց պատկերացումները: Ուրախալի և ողջունելի էր այն հանգամանքը, որ նրանցից յուրաքանչյուրը գիտակցում էր հայրենիքի արժեքն ու պատմության ընթացքում ունեցած պայքարի դրսևորումները: Զարմանալի էր նաև այն, որ աշակերտները ոչ միայն գիտեին Վարդան Բախշյանի, այլև շատ ու շատ հերոսների` հայրենիքի ազատագրման գործում ունեցած մեծ դերի մասին:

Դասի ավարտից հետո համալսարանականները պատմում էին իրենց տպավորությունների մասին, այնուհետև նրանք այցելեցին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Սուրբ Հռիփսիմե եկեղեցի:

Հ.Գ.: Բարի ավանդույթի համաձայն՝ Արմավիր քաղաքի Վարդան Բախշյանի անվան համար 2 հիմնական դպրոցի լավագույն աշակերտներն այս տարի ևս՝ դեկտեմբերի 16-ին  կայցելեն ԵՊՀ պատմության ֆակուլտետ և Վարդան Բախշյանի անունը կրող լսարանում հանդիպում կունենան դեկան Էդիկ Մինասյանի հետ:

Հովհաննես Վարդանյան

Այլ Նորություններ