«Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է « Աղոթքի լեզու», այն աստվածային ճոխ ու աննման լեզու է» Նիկողայոս Մառ
ՆորություններՓետրվարի 21-ը աշխարհում նշում են որպես մայրենի լեզվի օր։ Հետևելով տոնի խորհրդին՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը՝ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի աջակցությամբ, կազմակերպել էր «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագիրը կրող միջոցառում։
Ցերեկույթին ներկա էին Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի աշակերտները, ուսուցիչները, ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ի անդամները՝ նախագահ Սաթենիկ Աբրահամյանի և փոխնախագահ Աննա Բախշյանի գլխավորությամբ և այլ հյուրեր։ Ներկայացվեցին հայ և օտարազգի գրողների ու գիտնականների ասույթները՝ նվիրված հայոց լեզվին, որոնք հնչեցին վարդանանքցիների և աշակերտների շուրթերից։ Ելույթ ունեցան նաև «Վարդանանք» ՌՀԴԱ-ի փոխնախագահ Աննա Բախշյանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանը և նույն թանգարանի ցուցադրությունների և հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը և շատ ուրիշներ, որոնք հորդորեցին սիրել, գնահատել և պաշտպանել մայրենի լեզուն։ Միջոցառման ավարտին Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցի աշակերտները գրքեր նվիրեցին ներկաներին։