ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԸ՝ ԹԱԹՈՒԼ

Նորություններ
tatul

Թաթուլ Կրպեյանը Պատմության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանող էր, երբ որոշեց միանալ Արցախյան ազատագրական շարժմանը։ Նա 1990 թ.-ի սեպտեմբերից մինչև 1991 թ.-ի մայիսը ղեկավարեց Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանությունը: Զոհվեց 1991 թ.-ի ապրիլին՝ ադրբեջանա-ռուսական զինյալների իրականացրած «Օղակ» գործողության ժամանակ: 1996 թ.-ի սեպտեմբերի 20-ին Թաթուլ Կրպեյանը հետմահու արժանացավ Հայաստանի Ազգային հերոսբար ձրագույն կոչման:

Թաթուլն ազգային ոգով օժտված մեծ հայրենասեր էր, ով հայրենիքի համար օրհասական պահին նետվեց ազատագրական պայքարի հորձանուտը՝ համակված կորուսյալ հայրենիքն անգամ արյան գնով վերադարձնելու վճռականությամբ: Հատկանշական է, որ Արցախյան ազատամարտում ընդհատված նրա կենսագրության էջերը մինչ օրս էլ երիտասարդության համար ոգեշնչման ու հայրենասիրության յուրօրինակ դասեր են:

Հերոսի քույրը՝ Ռուզաննա Կրպեյանը, մինչ օրս հիշում է, թե Թաթուլն ինչպես մի օր մտավ տուն ու իրեն՝ ծննդյան 25-ամյակի առթիվ ծաղիկներ նվիրելով՝ պահանջեց, որ արու զավակ պետք է ունենա: Նա քրոջը նվիրում է 25 մեխակներ, որոնցից մեկը՝ կարմիր, ու դա հիմնավորելով՝ նշում, որ կարմիրը տղա ունենալու խորհրդանիշն է:

Տիկին Ռուզաննայի հավաստմամբ՝ Թաթուլը չէր սիրում խոսել պատերազմի, լարված իրավիճակի ու առկա խոչընդոտների մասին, իսկ մյուս կողմից նաև չկար խոսելու և կիսվելու այդ ժամանակը. «Արցախում մթնոլորտը թեև ծանր էր, բայց նա փորձում էր հնարավորինս ցույց չտալ դա: Նա բազմակողմանի հետաքրքրություններ ուներ. սիրում էր խոսել երգերից, պարերից, հայրենասիրությունից, պարապել սպորտով»:

Երիտասարդ պատմաբանը անձնվեր հայրենասեր լինելուց զատ՝ նաև ստեղծագործում էր, գրում սիրո ու հայրենասիրության մասին: «Իր բանաստեղծությունների մեծ մասը նվիրել է սիրուն: Թաթուլն ուրիշ մտածողություն ուներ, սիրում էր յուրովի, մի ուրիշ տեսակ սիրով… Ինքս միշտ խորհում եմ, թե տեսնես կլինե՞ն տղաներ, ովքեր Թաթուլի պես կսիրեն իրենց մայրերին: Իմ Թաթուլը պաշտում էր մորս ու յուրաքանչյուր առիթի դեպքում ասում այդ մասին»,- նշում է հերոսի քույրը:

«Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նույնպես այն երջանիկներից է, ով ճանաչել է Թաթուլ Կրպեյանին: Խոսելով հերոսի մասին՝ տիկին Աբրահամյանը նշում է. «Թաթուլը նախևառաջ իր տարիքից ավելի հասուն էր ու աշխարհն ու շրջապատում կատարվող փոփոխություններն ու իրադարձություններն այլ կերպ էր պատկերացնում: Նա բազմաշնորհ էր, կարողանում էր բոլորին համախմբել, կազմակերպել ու իր մտածածն օր առաջ կյանքի կոչել»:

Տիկին Աբրահամյանը հիշում է նաև այն օրը, երբ Թաթուլին ծանոթացրեց Հայրիկ Մուրադյանի հետ. «Օրեր անց Հայրիկ Մուրադյանը զանգահարեց ինձ ու Թաթուլին բնորոշեց որպես պայծառ ու լուսավոր անհատականություն: Թաթուլով խանդավառված Մուրադյանը զարմացած էր, թե ինչպե՞ս է հնարավոր՝ երիտասարդ լինելով՝ այդքան հարցասեր լինել… Ինչպես մեր մյուս զոհված ուսանող ազատամարտիկների, այնպես էլ Թաթուլ Կրպեյանի մեջ նստած էր հայրենապաշտը…»:

Հովհաննես Վարդանյան

Այլ Նորություններ