ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԵՆԱՄՅԱ «ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳԻՐԸ
ՆորություններԱրդեն 7 տարի է, ինչ «Վարդանանք» ակումբը նախաձեռնում է այս ծրագիրը: Այն հնարավորություն է ընձեռում ոչ միայն ձեռք բերելու նոր գիտելիքներ, այլև տեղեկանալու տարբեր ոլորտներին վերաբերող հիմնախնդիրներին: Մեկշաբաթյա դասընթացների ընթացքում վարդանանքցիները հանդես են գալիս իրենց տեսակետներով ու քննարկումներով՝ անցկացնելով նաև փորձի արդյունավետ փոխանակում, իսկ առավել ակտիվ մասնակիցները օգոստոսի սկզբին կմեկնեն Արցախ` 7 օրյա ուխտագնացության:
Ակումբականների համար ոգևորող է նաև այն կարևոր հանգամանքը, որ Արցախ մեկնելու ցանկություն են հայտնում նաև ԵՊՀ զոհված ուսանող-համալսարանականների մայրերը, քույրերն ու զավակները: Այն համալսարանականներին ոչ միայն պարտավորեցնում, այլև ամրապնդում է երիտասարդների ռազմահայրենասիրական ոգին:
Վարդանանքցիների ամենամյա այս նախաձեռնությանը ողջունելու էր եկել նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մակրոսյանը: Պրոռեկտորը, բարձր գնահատելով ակումբի ակտիվ գործունեությունը, նշեց, որ «Վարդանանք» ակումբին անդամակցող յուրաքանչյուր ուսանող պատահականորեն չի հայտնվում. նա պետք է ակտիվորեն մասնակցի ակումբի նախաձեռնություններին, ունենա նվիրում հայրենիքին ծառայելու վեհ գաղափարներ:
««Ամառային դպրոց»-ը «Վարդանանք» ակումբի հաջողված նախաձեռնություններից մեկն է: Ունենալով կրթական նշանակություն՝ ծրագիրը խիստ համահունչ է այն արժեքային համակարգին, որի վրա խարսխված է ակումբի գործունեությունը: Արդեն երկար տարիներ է, ինչ նկատում եմ ակումբականների աշխատանքային արդյունավետ մեթոդիկան. նրանք ողջ տարվա ընթացքում աշխատանքային բուռն գործունեության մեջ են: Բացի այդ՝ համալսարանական զոհված տղաների հիշատակին նվիրված միջոցառումները, հուշ-ցերեկույթները համալսարանական սերունդների այն չերևացող կապն են, որով ակումբի հիմնադիրներն ու ակտիվ անդամները փորձում են փոխանցել եկող սերնդին, հատկապես այն ուսանողներին, ովքեր առաջին քայլերն են կատարում համալսարանական միջավայրում»,- նշեց պարոն Մարկոսյանը:
Տեղեկացնենք, որ «Ամառային դպրոց-2015»-ի առաջին դասընթացն անցկացվեց հունիսի 26-ին: Դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, ով խոսեց քաղաքական ինստիտուտների և գործընթացների մասին: Հաջորդ օրերին հանդիպումներ կանցկացվեն հոգևորականի, հոգեբանի, պատմաբանի, երաժիշտների և այլ ոլորտների ներկայացուցիչների հետ: Կանցկացվի նաև Սամվել Թադևոսյանի «Միացում» ֆիլմի դիտում: «Ամառային դպրոց-2015» ծրագրի դասընթացները կավարտվեն հուլիսի 1-ին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ