«ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ-2015»-Ն ԱՅԼԵՎՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Է…
ՆորություններԹեև արդեն աշուն է, բայց մեր հոգում շարունակում է թևածել ամռան տապառատ շունչը: Կարծես երեկ էր, երբ վարդանանքցիներով ոտքի ելանք՝ ճանապարհորդելու Արցախ աշխարհում: Թեև հետևում են մնացել այդ աննկարագրելի տպավորություններով լեցուն օրերը, այդուհանդերձ մենք շարունակում ենք մեր ներսում կրել Արցախի խորհրդավոր լույսը: Բացառիկ երևույթ է, երբ ճանապարհորդում ես այն վայրերով, որոնք հազարավոր հայորդիների արյան գնով են պահպանվել… Թերևս պատահական չէին նաև վերջին ուխտագնացության նպատակն ու խորհուրդը: Ուխտագնացություն, որին առավել մանրամասն անդրադարձել ենք թերթի այս համարում:
Թերթի արցախյան համարում անդրադարձել ենք նաև մի խումբ ակումբականների՝ արցախյան շրջագայությանը նվիրված տպավորություններին՝ դրանք ներկայացնելով առանձին «Վարդանանք-հավելված»-ի տեսքով: Չենք կարող չփաստել, որ դրանցից յուրաքանչյուրում իշխում է անասելի սիրով կապվածությունն ինչպես Արցախ աշխարհին, այնպես էլ «Վարդանանք» ՌՀԴԱ-ին… Ի դեպ, ներկայացված տպավորությունները հերթական անգամ ոգևորում ու փաստում են, որ ակումբի 19 տարիների ձեռքբերումները որքան շոշափելի, նույնքան էլ պարտավորեցնող են…
«Վարդանանք» ակումբն իր գործունեության 19 տարիների ընթացքում մեծապես աջակցել և շարունակում է աջակցել երիտասարդներին՝ այդ կերպ խրախուսելով նրանց կրթական, գիտական ու մշակութային կարողությունների զարգացմանը: Նմանօրինակ այցերի շնորհիվ էլ ակումբականներից շատերն ինչ-որ առումով գտնում են նաև իրենց «ԵՍ»-ը… Այդ բացահայտումների զամբյուղում կարևոր տեղ է զբաղեցնում նաև «քողարկված» հայրենասիրությունը…
Այո՛, թերևս փոքր-ինչ տարօրինակ է հնչում, բայց նրանցից շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, որ իրենց ներսում ապրում է հայրենապաշտ անհատը: Այն անհատը, ով հարկ եղած դեպքում ի զորու է խիզախման ու նույնիսկ անձնազոհ սխրանքի…
Շատերն Արցախ աշխարհ դեռ չեն այցելել: Անգամ արցախցին, մի շարք հանգամանքներով պայմանավորված, ամբողջապես տեղյակ չէ իր բնօրրանի պատմական ժառանգության ու հոգևոր արժեքների մասին: Ըստ այդմ՝ պատահական չէ, որ խանդավառ երիտասարդներիս մտահղացումների արդյունքում ծնվում է Արցախ աշխարհ ուղևորվելու և արցախյան ոգուն հաղորդակցվելու միասնական գաղափարը…
Եվ ահա հայոց հոգևոր հարստության վայրերից մեկում ենք՝ Գանձասարի եկեղեցական համալիրում, որտեղ մկրտության արարողություն կատարվեց: Երբ գաղափարը, մոտեցումը, ցանկությունն ու օր առաջ իրագործելու մղումը համադրվում են մեկ վայրում՝ այդ ժամ հաղթում ու հպարտանում են բոլորը… 22 վարդանանքցիների մկրտությունը դարձավ հոգեպարար մի երևույթ, և մկրտվողներից յուրաքանչյուրը մշտապես հաճելի տպավորություններով է այն վերհիշելու…
Ներկայացնելու բան շատ կա, բայց չխոսել զորամասեր կատարած այցելությունների մասին, պարզապես չեմ կարող: Մեր բանակի մարտունակության երաշխիքը մեր զինվորներն են, ովքեր պատվով են կրում հայրենիքի նորօրյա պաշտպանի կոչումը: Եվ իսկապե՛ս… Այն ոգեղեն ուժն ու շողշողուն լույսը, որ արտացոլված են նրանց աչքերում, ոչ մի այլ բանի հետ փոխել հնարավոր չէ: Երբևէ փորձե՞լ եք մի քանի րոպե համակ ուշադրությամբ նայել մեր զինվորների աչքերին… Այո՛, դուք ճիշտ եք, որովհետև հաստատապես համոզված եք, որ նրանց ներսում մի պահ տեսել կամ մի գուցե գտել եք նաև ձեր մասնիկը:
Արթուր Արզումանյան, Սևադա Համբաչյան, Արթուր Խաչենց. այն տղաներն են, ովքեր օժտված են աստվածատուր շնորհով՝ երգելու կարողությամբ: Մենք՝ նրանց ձայնով, իսկ նրանք՝ մեր միասնականությամբ խանդավառված՝ համատեղ մի շարք միջոցառումներ իրականացրինք ու դեռ ինչքաաա՜ն բան ունենք անելու… Ուրեմն… Ուրեմն մենք կարողանում ենք ոչ միայն բացահայտել տաղանդավորներին, այլև բացահայտման հնարավորություն ենք տալիս նրանց… Այդ մղումով էլ հրաժեշտ եմ տալիս՝ ձմռանը նոր բացահայտումներ անելու և կրկին հանդիպելու ակնկալիքով…
Հովհաննես Վարդանյան
«Վարդանանք» պարբերաթերթի գլխավոր խմբագիր