Միջոցառում նվիրված Վարդան Դալլաքյանի 50 ամյակին

Նորություններ
62317969_2322306457856076_5216765091306799104_n

Մայիսի 27-ին Վարդանանք ռազմահայրենասիրական ակումբը և ԵՊՀ-ի Պատմության ֆակուլտետը համատեղ կազմակերպել էր միջոցառում նվիրված արցախյան գոյամարտերում կռիվ տված և հերոսացած Վարդան Դալլաքյանի 50-ամյակին:
Վարդանանք ՌՀԴԱ անդամները հանդես եկան հայրենասիրական երգերով և հերոսի մասին պատմող հուշերով: Ելույթ ունեցան նաև Վարդան Դալլաքյանի զարմիկները, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր Արմենուհի Սեյրանյանը: Տեսաֆիլմի միջոցով ներկաներին պատմեցին Վարդան Դալլաքյանի կյանքի,ազատագրական կռիվների և համալսարանական կյանքի մասին:
Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը, որը հերոսի համակուրսեցին է եղել, նշեց, որ Վարդանը շատ համեստ զինվոր էր: «Նոր սերնդի դաստիարակության գործում հերոսների հիշատակը հարգելու և մեծարելու միջոցառումները մեծ ազդեցություն են թողնում կիրթ և արդի սերունդ ունենալու գործում»,- ասաց նա:
Իր հերթին պատմության ֆակուլտետի դեկան՝ Էդիկ Մինասյանը նշեց, որ. «Նա եղել է Պատմության ֆակուլտետի լավագույն սաներից մեկը: Առաջին կուրսից սկսած՝ նրա մեջ հայրենասիրական պոռթկումը կար, և պատահական չէ՝ երբ սկսվեց Արցախյան ազատամարտը, նա առաջիններից էր, որ մեկնեց կռվի դաշտ: Այսօր մենք պարտավոր ենք հիշել մեր ազատամարտիկների հերոսական սխրանքները և նոր սերնդին դաստիարակել նրանց մարտական ոգով»:
«Վարդանանք» ՌՀԴԱ-ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանն ասաց, որ ակումբը միշտ նշում է ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների ծննդյան և մահվան հիշատակի օրերը. «Սա ամենադաստիարակչական միջոցառումներից մեկն է, քանի որ այսօր հավաքվել են նաև այն դպրոցի սաները, որտեղ սովորել է Վարդան Դալլաքյանը: Մենք ևս մեկ անգամ հիշում և ներկայացնում ենք նոր սերնդին Արցախյան ազատամարտի հերոս Վարդան Դալլաքյանի մարտական ուղին: Այս միջոցառումն ամենամեծ գնահատականն է հերոսի հիշատակին»:

Այլ Նորություններ