Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ
ՆորություններՍիրելի՛ վարդանանքցիներ, շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Նոր տարին բոլորիս համար ոչ միայն սիրված ու սպասված, այլև ամենահին տոներից է: Չնայած այն տարբեր ազգեր տարբեր կերպ են նշում, սակայն Ամանորի խորհուրդն ամենուր նույնն է. այն ավետում է նորի սկիզբը, որտեղ չպետք է տեղ ունենան անցանկալին ու անհաջողությունը: Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար ասել բարեմաղթանքներ, ունենալ հույսեր ու ակնկալիքներ: Անշուշտ, «Վարդանանք» ակումբն անցնող տարում արձանագրեց ակնհայտ ձեռքբերումներ, ինչպես նաև եղան բացթողումներ:
Ահա և ավարտին մոտեցավ 2015 թ.-ը: Տարի, որը հագեցած էր կարևոր ու նպատակային իրադարձություններով, հոբելյաններով ու հիշողություններով… Մենք շարունակեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ մեր շուրջը համախմբելով նաև նորաթուխ համալսարանականներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլն: Այս իրողությունը խոսում է այն մասին, որ արդեն 2016 թ.-ին մենք ձեռնամուխ ենք լինելու նոր ծրագրերի իրականացմանը, որոնց անքակտելի մասն են կազմելու երիտասարդների ստեղծագործական միտքն ու կրեատիվությունը: 19 տարի շարունակ հենց այդ մղումով են վարդանանքցիներն առաջ շարժվում, միաժամանակ ինքնադրսևորվում ու բացահայտվում… Փոխվում են սերունդները, բայց ակումբը շարունակում է հավատարիմ մնալ իր սկզբունքներին:
Հարգելի՛ ակումբականներ, ուսանողներ, դասախոսներ և հավատարիմ բարեկամներ, 2015 թ.-նը պատմության գիրկն է անցնում իր բարի և չար արարքներով, իր լավ ու վատ գործերով: «Վարդանանք» ակումբը ևս իր լուման ունի նոր սերնդին դաստիարակելու գործում, ինչը կարևոր նախադրյալ է ավելի վստահ քայլերով առաջ գնալու առումով: Մեր՝ երիտասարդներիս ուսերին է դրված բարեկեցիկ և հզոր հայրենիք կառուցելու դժվարին, բայց հաղթահարելի այդ ծանր պատասխանատվությունը: Ուստի ցանկանում ենք, որ գալիք 2016 թվականն ուրախություն ու երջանկություն բերի ձեզ, նոր եռանդ ու ավյուն ձեր աշխատանքում: Եղե՛ք ներող և բարեհոգի, իսկ ամենագլխավորը՝ առողջ և լավատես:
Համոզված ենք, որ 2016 թվականը վարդանանքցիների համար լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի: Ձեր ընտանիքներին մաղթում ենք առողջություն, երջանկություն, սեր և ուժեղ կամք՝ ամուր արմատներով հայրենի երկրում ապրելու և արարելու համար: Գալիք տարին թո՛ղ մեզ դարձնի առավել միասնական, համբերատար, հանդուրժող, մեր երկրին բերի խաղաղություն ու բարեկեցություն, թո՛ղ բոլոր ընտանիքներում լսվեն մանուկների ուրախ ճիչեր, հայ զինվորը փառքով տուն դառնա, թո՛ղ միշտ ժպտան մեր մայրերը: Նոր տարում բոլորիս թո°ղ ուղեկցեն միայն հաղթանակները, թո՛ղ այս Ամանորը բոլորի համար լինի ուրախ ու բազում հրաշքներով լեցուն:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
«Վարդանանք» ՌՀԴԱ