«Որքան գիտես, այնքան կարող ես». Սեյրան Օհանյանը շնորհավորեց երիտասարդներին՝ ուսանողության տոնի առթիվ

Նորություններ
սեյրան

Երիտասարդության տոնին ընդառաջ՝ նոյեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում մի շարք երիտասարդական կառույցների հետ մեկնեղ նախարար Սեյրան Օհանյանը հյուրընկալել էր ԵՊՀ զոհված ուսանող ազատամարտիկների հիշատակի «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբին:

Միջոցառմանը ներկա էին նաև զինվորական բարձրաստիճան անձինք, կրթական բարձրագույն հաստատությունների սաներ:

Հասարակական կառուցների  ներկայացուցիչները հանդիպման սկզբում հանդես եկան շնորհակալական խոսքով՝ ընդգծելով, որ կայուն երկրի հիմքում ընկած է հզոր բանակը:

Այնուհետև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունեց երիտասարդներին` տոնի առթիվ՝ ընդգծելով, որ երբ իրենք ընդամենը 20-25 տարեկան էին, զինվորագրվեցին երկրի սահմանների պաշտպանության գործին, և այսօր՝ չհայտարարված պատերազմի պայմաններում երկրի անվտանգության պաշտպանման հիմքում դարձյալ կանգնած են երիտասարդները: Նախարարն ասաց, որ այժմ փոխվել են պայքարի միջոցները, սակայն երկրի անվտանգության հիմքում շարունակում է մնալ կրթված և բանիմաց երիտասարդը. «Ես այսօրվա մարդուն կբնութագրեմ այսպես՝ «Որքան գիտես, այնքան կարող ես»:

Սեյրան Օհանյանը կոչ արեց երիտասարդներին՝ միանալ 2014 թվականի իր ուղերձին՝ համատեղ ուժերով պայքարել արատավոր բարքերի դեմ՝ ինչպես բանակում, այնպես էլ հասարակության մեջ. «Մեր ամրոցոմ մեր օրենքներով, ով մեր ամրոցում չէ, թող գնա քրեակատարողական հիմնարկներում պատասխան տա չենթարկվելու համար: Մենք պետք է մաքրենք ներսը, որպեսզի արտաքինի դեմն առնելը խաղ ու պար լինի»:

Վերջում նախարարը տոնի առթիվ պատվոգրերով, մեդալներով և արժեքավոր մեդալներով պարգևատրեց մի շարք երիտասարդների՝ հայրենանվեր գործունեության համար: Պատվոգրերի և արժեքավոր հուշանվերների արժանացան նաև վարդանանքցիներից Արմինե Ավետիսյանը, Անուշ Ամիրբեկյանն ու Նարեկ Այվազյանը:

«Վարդանանքի» անունից նախարարությունում ելույթ ունեցավ Անուշ Ամիրբեկյանը, ով իր խոսքում ընդգծեց, որ այսօրվա երիտասարդը պատրաստ է մեր ազատամարտիկների օրինակով զենք վերցնել և պաշտպանել երկրի սահմանները, եթե դրա կարիքը կա. «Թող ոչ մի երիտասարդի կյանք պատերազմով չընդհատվի, բայց եթե պետք լինի, վստահ եմ, որ մենք կգնանք ձեր հետքերով, զենք կվերցնենք և կպաշտպանենք մեր հայրենիքը»:

Անուշ Ամիրբեկյան
09.11.2013

Այլ Նորություններ