Սեպտեմբերի 15-ը Հրանտ Դինքի ծննդյան օրն է

Նորություններ
hrant-dink_0

Հրանտ Դինքը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին Մալաթիայում: Դինքը հայտնի է՝ որպես մեծ պահանջարկ ունեցող լրագրող, հայերեն և թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, իր ժամանակի ականավոր մտավորական, հոդվածագիր: «Ակոս»-ը ըստ էության, միակ հայալեզու ամսաթերթն է, որը լույս է տեսնում Ստամբուլում՝ հանդիսանալով հայոց համայնքի ձայնը՝ սկսած 1996 թվականից:

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոս» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավո՛ւր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ներկայումս ոստիկանները փորձում են պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։

Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին,Պոլսո հայ համայնքին: Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։

Ասում են՝ Դինքը փոխեց Թուրքիան. Նրա մահվան հաջորդ օրը հազարավոր թուրքեր ու հայեր՝ մոմերով, ծաղիկներով ու Դինքի լուսանկարներով շարժվեցին կենտրոնական Թաքսիմ հրապարակից մինչև սպանության վայրը՝ ձեռքներին պահած «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք»…

Հավելենք նաև, որ նախորդ տարի՝ սեպտեմբերի 15-ին, ճիշտ այս օրը Զեյթունի թիվ 144 հիմնական դպրոցը անվանակոչվեց Հրանտ Դինքի անունով:

Այլ Նորություններ