ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ 7-ՐԴ ԱՆԳԱՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Նորություններ
15394_700201843349379_4502453925942465812_n

Օգոստոսի 3-ին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի ավելի քան ութ տասնակ ակումբականներ կայցելեն Արցախ:

«Միացյալ Հայաստան» ծրագրի շրջանակներում արդեն 7-րդ տարին է, ինչ վարդանանքցիներն այցելում են Արցախ աշխարհ: Արցախյան ուխտագնացությունը տևում է 7 օր: Այդ ընթացքում Մայր բուհի տարբեր ֆակուլտետների հայրենասեր ուսանողներ, զոհված ուսանող-ազատամարտիկների հարազատներ այցելում են ԼՂՀ պատմամշակութային վայրեր, զորամասեր, դպրոցներ և մշակութային կենտրոններ:

Ինչպես տեղեկացրեց ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամայանը՝ ուխտագնացության նպատակն է յուրաքանչյուր անգամ նորովի բացահայտել Արցախ աշխարհը: Տիկին Աբրահամյանը համոզված է՝ յուրաքանչյուր այցելությունից հետո վարդանանքցիները մայրաքաղաք Երևան են վերադառնում աննկարագրելի տպավորություններով, ինչն էլ նպաստում է, որպեսզի նրանք ուսումնական տարվա ընթացքում առավել ակտիվորեն մասնակցեն «Վարդանանք» ակումբի կողմից կազմակերպվող միջոցառումներին: Վերջինս էլ նպաստում է, որպեսզի հենց ակտիվ ակումբականները ներգրավվեն ինչպես ԼՂՀ-ում, այնպես էլ ՀՀ-ում իրականացվող ուխտագնացություններին:

Այս տարի ևս  «Վարդանանք» ակումբը մի շարք ծրագրեր է նախատեսել, որոնք անցկացվելու են ինչպես Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում, այնպես էլ Ասկերանի, Շուշշի ու Մարտունու զորամասերում: Մշակութասեր համալսարանականները կանցկացնեն նաև ընթերցումներ, իսկ առավել ակտիվները Վանքի դպրոցականների հետ միասին կմասնակցեն մրցույթների, որոնց միջոցով կբացահայտվեն առավել շնորհաշատները:

«Վարդանանք» ակումբի գիտական հարցերի գծով խորհրդատու Քեյթի Գունդակչյանը նշեց, որ ճանապարհային քարտեզը ընդհանուր տեսքի բերելու համար մի քանի ամիս է պահանջվել: Հաշվի են առնվել կարևոր ու նպատակային մի շարք հանգամանքներ: Այդուհանդերձ, ծրագիրը վերջնական տեսքի է բերվել ՀՀ ՊՆ կողմից: Տեղեկացնենք նաև, որ այս տարիների ընթացքում ՊՆ-ն մեծ աջակցություն է ցուցաբերում «Վարդանանք» ակումբի նախաձեռնությամբ իրականացվող գիտաճանաչողական այցերին:

«Միացյալ Հայաստան» ծրագրի համար կարճ ժամանակահատվածում պատրաստվել և լույս է տեսել «Վարդանանք» պարբերաթերթի 12-րդ համարը: Թերթի հարյուրավոր օրինակներ տարածվելու են զորամասերում ու դպրոցներում: Թերթում տեղ են գտել 2014-2015 ուստարում ակումբի իրականացրած միջոցառումների ընդհանուր բնութագիրը, հարցազրույցներ ու տպավորությունների ակումբականներից, ԵՊՀ դեկաններից և այլն: Թերթի 12-րդ համարի շնորհանդեսը նույնպես կազմակերպվելու է Վանքում, որտեղ դպրոցի հյուրընակալ տանիքի տակ վարդանանքցիները կարողանում են մեկշաբաթյա ուխտագնացությունը լիարժեք իրականացնել:

Հատկանշական է նշել նաև այն փաստը, որ այս տարի նույնպես կազմակերպվել է գրքահավաք: Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի ավելի շատ գեղարվեստական գրքեր են հավաքվել, որոնք նույնպես նվիրաբերվելու են զորամասերին ու դպրոցներին: Այս տարի վարդանանքցիներն ավելի կրեատիվ են գտնվել և յուրաքանչյուր գրքում «Հայ զինվորին» վերտառությամբ անանուն հուշեր են գրել, այդ կերպ՝ իրենց երախտիքը հայտնելով հայրենիքի սահմաններն անառիկ պահող տղաներին:

Հովհաննես Վարդանյան

Այլ Նորություններ