ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐԸ ՀԻՇՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

Նորություններ
10988907_779478838755012_2134412876_o

Փետրվարի 14-ին Պռոշյան գյուղի Պետրոս Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցում դասը վարեցին համալսարանականները:

Արդեն երկար տարիներ է, ինչ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը համալսարանական զոհված ազատամարտիկ Պետրոս Ղևոնդյանի (Պետո) հիշատակի օրը«Անմահները հրամայում են» ծրագրի շրջանակներում իրականացնում է հուշ-ցերեկույթ: Պետրոս Ղևոնդյանը սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, այնուհետև մասնակցելով Արցախյան  պայքարին՝ զոհվել է վիրավոր ընկերոջը մարտադաշտից դուրս բերելիս, ականի պայթյունից:

«Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի հավաստմամբ՝ նմանաբնույթ միջոցառումների ժամանակ արժևորվում են մեր հերոսների սխրանքները, իսկ դրանք վերհիշելը միևնույն ժամանակ մշտապես հպարտանալու առիթներ են տալիս. «Մայր բուհում սովորող ուսանողներն արդեն համոզվել են, որ այն, ինչ կապված է Պետոյի և նրա նման հերոսների հետ, չի մոռացվում: Ողջունելի են այն ուսանողները, որոնց մեջ վառ է արտահայտված հայրենասիրությունը: Մենք բազմիցս առիթ ենք ունեցել նշելու, որ մեր ու մեր ակումբականների կամավորական աշխատանքը նպատակաուղղված է ազգային արժեքների վերհանմանն ու դրանց կարևորմանը»:

Մինչ դպրոցի ուսուցչական կազմի և աշակերտների հետ հանդիպելը համալսարանականները ծաղիկներ դրեցին դպրոցում տեղ հատկացված Պետոյի անկյունում: Վերհիշելով զոհված համալսարանականի անցած ուղին ու Արցախյան պատերազմում տարած փորձությունները` ԵՊՀ մի քանի շնորհաշատ ուսանողներ հասցրին նաև հայրենասիրական երգերի ու ասմունքի միջոցով իրենց երախտիքը հայտնել Պետրոս Ղևոնդյանի ընտանիքի անդամներին: Հուշ-ցերեկույթին ներկա էին Պետոյի քույրը, ավագ եղբայրն ու նրա որդին:

Վարդանանքցիները, մտնելով տարբեր դասարաններ, աշակերտներին ներկայացնում էին Մայր բուհի պատմությունը, ֆակուլտետներն ու մասնագիտությունները, խոսում իրենց տպավորություններից: Պակաս ողջունելի չէր նաև այն հանգամանքը, որ այդ դպրոցի աշակերտների մեծամասնությունը համալսարանականների հետ զրույցի ընթացքում գիտակցում էին, թե ում անվան դպրոցում են սովորում: Այն նրանց ոչ միայն ներքին ոգևորվածություն, այլև գերազանց սովորելու պատրաստակամություն է փոխանցում:

Դասի ավարտից հետո վարդանանքցիներն այցելեցին նաև Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ դրեցին ոչ միայն Պետրոս Ղևոնդյանի, այլև մյուս զոհված մեր հայրենակիցների շիրիմներին:

Հուշահամալիրում հանդիպումն ավարտվեց Հայրիկ Մուրադյանի հայտնի` Վարդանի մասին երգով, որին հաջորդեց այցելությունը Պետրոս Ղևոնդյանի բնակարան, որտեղ այժմ ապրում են նրա հարազատները: Պետոյի ավագ եղբայրը,  ողջունելով համալսարանականներին, հետաքրքիր փաստեր ներկայացրեց եղբոր մասին: Վարդանանքցիներն առաջիններից էին, որ անձամբ տեսան Պետոյի տանը նոր բացված նրա անձնական իրերի անկյունը:

Հովհաննես ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարը՝ Լիլիթ Զեյնալյանի

Այլ Նորություններ