ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՆՎԻՐՅԱԼՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 77 ՏԱՐԵԿԱՆ

Նորություններ
Untitled-1

Սիմոն Աչիքգյոզյանը ծնվել է 1939 թ. փետրվարի 6-ին Ռումինիայի Գալաց քաղաքում։ 1946 թ. ընտանիքով հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ Սովորել է Երևանի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ 1955 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1960 թ.` ինժեներ-երկրաբանի որակավորմամբ։ Ս. Աչիքգյոզյանը 1970 թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1984 թ. նրան շնորհվել է ավագ գիտաշխատողի կոչում։ 1960-1991 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, հեղինակել է 70-ից ավելի գիտական աշխատու թյուններ, զբաղվել թարգմանություններով։ Շուրջ 11 տարի դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Զբաղվել է հանրապետության գունավոր և ազնիվ մետաղների հանքավայրերի հեռանկարային ուսումնասիրությամբ։

1988 թ. Սպիտակի երկրաշարժից հետո նա աղետի գոտում ղեկավարել է երկրաշարժաբանների միջազգային ջոկատը։ Գիտության անխոնջ մշակ լինելուց բացի` նա զբաղվել է արվեստով և սպորտով, երկար տարիներ երգել է «Նարեկ» արական երգչախմբում՝ Խոր Վիրապի վանքում:

simon

1989 թ. ՀՀՇ առաջին համագումարում Ս. Աչիքգյոզյանն ընտրվել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ։ 1989 թ. անդամագրվել է «Արաբո» կամավորական ջոկատին և մասնակցել Եղեգնաձորի շրջանի Գնիշիկ, Երասխ, Արենի, Խաչիկ, Նոյեմբերյանում` Ոսկեպար և այլ սահմանամերձ գյուղերի ինքնապաշտպանական մարտերին, ապա մեկնել Արցախ (Շահումյանի շրջան)` 1991 թ.ապրիլի 19-ից ստանձնելով Մարտունաշենում «Արաբո» ջոկատի հրամանատարությունը:

1990 թ. Ս. Աչիքգյոզյանն ընտրվել է Երևանի քաղխորհրդի պատգամավոր, մասնակցել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի աշխատանքներին՝ էկոլոգիայի հանձնաժողովի կազմում: Ս. Աչիքգյոզյանը զոհվել է 1991 թ. ապրիլի 30-ին Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ, ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ուժերի աջակցությամբ ադրբեջանական հատուկ նշանակության զինված ջոկատների (ՕՄՕՆ) կողմից իրագործվող Արցախը հայաթափելու «Օղակ» (кольцо) գործողությունը կանխելիս։ Նրա աճյունն ամփոփված է Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի գերեզմնատանը:

ՀՀ նախագահի 1996 թ. սեպտեմբերի 20-ի ՆՀ-640 հրամանագրով Ս. Աչիքգյոզյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երկու զավակ։ 2011 թ. ապրիլի 29-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի միներալոգիայի և պետրոգրաֆիայի կաբինետը անվանակոչվել է Ս. Աչիքգյոզյանի անվամբ։

Այլ Նորություններ