«Դասը վարում են համալսարանականները» ծրագրի շրջանակում ԵՊՀ «Վարդանանք» ՌՀԴԱ-ն կազմակերպել էր այցելություն Արագածոտնի մարզի Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոց, ինչպես նաև Հայաստանի Ազգային հերոս, ԵՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան:

Նորություններ
tangaran

1991 թ. գյուղի միջնակարգ դպրոցը կոչվել է հերոսի անվամբ, իսկ գյուղի՝ Արեգ անունը 2009 թվականին վերանվանվել է Թաթուլ:
Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոց էին այցելել ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը՝ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, Պատմության ֆակուլտետի զոհված ասպիրանտ-ազատամարտիկ Վարդան Բախշյանի քույրը՝ Աննա Բախշյանը և Միջազգային հարաբերությունների, Ժուռնալիստիկայի, Աստվածաբանության, Իրավագիտության, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, Արևելագիտության, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների ուսանողներ:
Համալսարանականների «առաջին դասը» Թաթուլ Կրպեյանի անվան դասարանում էր: Ուսուցիչները պատմեցին հերոսի մասին, կիսվեցին հիշողություններով, Թաթուլ Կրպեյանի մասին պատմեց նաև Թալին ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը:
«Սա հայրենասիրական դաս էր: Մեր այցով ոգևորված էին թե՛ աշակերտները, թե՛ ուսանողները»,- մեզ հետ զրույցում նշեց Սաթենիկ Աբրահամյանը:
Ուսանողները ծանոթացան աշակերտների մասնագիտական ուղղվածությանը, պատասխանեցին նրանց հարցերին. «Շատ ջերմ ընդունելություն էր, աշակերտները կիսվեցին իրենց նախասիրություններով»,- ասաց Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի Աստղիկ Ավետիսյանը:
Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանում ուսանողները ծանոթացան թանգարանի պատմությանը, հերոսի թողած ժառանգությանն ու ձեռագրերին. «Ազգային հերոսից զատ՝ Կրպեյանը հոգեզգաց բանաստեղծ էր»,- պատմեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուսրի ուսանողուհի Մոնիկա Գրիգորյանը և հավելեց, որ տուն- թանգարանում ներկայացրել են հերոսի բանաստեղծությունները:
«Թերթում էի ձեռագրերը, ծանոթանում խոհերին, ու ինձ էր փոխանցվում հերոսի զգայական աշխարհի հարստությունը»,- խոստովանեց Աստղիկ Ավետիսյանը:
«Ես իմ հայրենի գյուղում էի ու հպարտ էի, որ կրտսեր սերունդը գնահատում է հերոսի գործը, հպարտությամբ խոսում ու ոգևորությամբ լսում նրա մասին պատմող հուշերը»,- անկեղծացավ Ռուզաննա Կրպեյանը:
Այցելության վերջին վայրը Ներքին Թալինի բերդն էր:

Այլ Նորություններ