
«ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ԴՈՒ ԱՆՄԱՀԱՑԱՐ…»
Նորություններ
Միջոցառմանը ներկա էին Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հերոսի մարտական ընկերները, հարազատները, Հայաստանի սկաուտական կազմակերպության ներկայացուցիչներ, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի անդամներ, որոնց ջանքերով էլ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթը:
Էդիկ Մինասյանը ներկայացրեց Վարդան Բախշյանի կենսագրությունը, պատմեց օրեր առաջ կատարած արցախյան այցելությունից ստացած տպավորությունները: Նա այցելել էր ադրբեջանական դիվերսիայի արդյունքում վիրավորված Գոռ Դարբինյանին, ով ասել էր, որ իր սխրագործությամբ ցանկացել է նմանվել Վարդանին:
Հերոսի մասին խոսեց նրա ուսանողական տարիների մտերիմ ընկերն ու համախոհը` ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը. «Հաճախ էինք հանդիպում Մատենադարանում և գրադարանի սրահներում: Նայելով նրա դեմքին` դժվար էր պատկերացնել, որ նա ունի նաև իր երկրորդ կյանքը` հայ երկրի ինքնապաշտպանության գործը: Եվ Վարդանը չնահանջեց իր ապրած երկու կյանքերում էլ` ո´չ գրքերի առջև, ո´չ էլ դիրքերում»:
Վարդանի` որպես ձևավորված գիտնականի մասին պատմեց Պատմության ֆակուլտետի դոցենտ Արտավազդ Դարբինյանը. «Մեծ ծրագրեր ուներ, ավարտին էր հասցնում թեկնածուական թեզը Օսմանյան կայսրության վարչատարածքային բաժանումների մասին, ինտենսիվորեն ուսումնասիրում էր թուրքերեն, օսմաներեն լեզուները: Նրա ղեկավար պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանը հիացմունքով էր խոսում Վարդանի մասին: Նրա կերպարն օրինակ է, թե ինչպես պետք է կյանք ապրել, ինչպես սիրել հայրենիքը»:
Իրենց հիշողությունները հերոսի մասին ներկայացրին նաև Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության կենտրոնական վարչության ատենապետ Հրաչ Շմավոնյանը, համակուրսեցի Մնացական Խաչատրյանը:
Հերոսի դիմանկարով վերնազգեստներ հագած ուսանողները ընթերցեցին հատվածներ նրա նամակներից, հոդվածներից:
Ի դեպ, Վարդան Բախշանի ընտանիքի կողմից նրա անունը կրող լսարանին հանձնվեց պատմագիտական հարուստ գրականություն, և ուսանողներն այսուհետ հնարավորություն կունենան օգտվելու այդ գրքերից:
Հերոսի ծննդյան օրն անհնար է պատկերացնել առանց ազգային-հայրենասիրական երգերի, որոնք կատարեցին «Վան» ազգագրական համույթի երգիչները: