«ՄԵՐ ՈՒԺԸ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆ Է»
Uncategorized, ՆորություններԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը մասնակցեց Կապավորի օրվան նվիրված միջոցառմանը:
Սեպտեմբերի 14-ը ՀՀ զինված ուժերում նշվում է որպես Կապավորի օր: Արդեն մի քանի տարի է, ինչ վարդանանքցիները ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ միանում են կապավորներին ու նրանց հետ նշում մասնագիտական տոնը: Կապի ուսումնական զորամասը գտնվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքում: Այս տարի տոնին միացել էր նաև ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դասախոս, ազատամարտիկ Արմեն Մակարյանը:
Միջոցառման ողջույնի խոսքով հանդես եկավ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանն ու ողջունեց զինվորներին՝ շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ. «Մեր կարևոր առաքելություններից մեկը երիտասարդներին բանակի առօրյային ծանոթացնելն է: Առանց բանակի մենք չենք կարող հարատևել, իսկ մեր ուժը մեր զինվորն է: Ամեն անգամ որևէ զորամաս այցելելիս մենք հասկանում ու հպարտանում ենք, որ ունենք արժանի ու ազգային բանակ: Անկախ ամեն ինչից` մենք յուրաքանչյուր քայլափոխի հիշում ենք ձեր դերն ու կարևորությունը, հա՛յ զինվորներ: Ձեզ, բարի ծառայությունից բացի, ամենից առաջ ցանկանում ենք հային բնորոշ արիություն ու զինվորին վայել հանդուրժողականություն»:
Արտաշատի ուսումնական զորամասը նախատեսված է զինվորի ծառայողական «այբուբենը» յուրացնելու համար: Ամիսների քրտնաջան պարապմունքների արդյունքում նրանք կատարելագործում են իրենց մասնագիտական հմտությունները, այնուհետև նրանց մի մասն ուսումնական փուլի ավարտից հետո տեղափոխվում է տարբեր զորամասեր: Այս և նմանաբնույթ միջոցառումներն էլ օգնում են նրանց առօրյան դարձնել առավել հագեցած ու բազմաբովանդակ:
«Նմանատիպ միջոցառումներն օգնում են ամրապնդել նախևառաջ բանակ-բուհ-հասարակություն կապը: Եվ պատահական չէ, որ ՊՆ նախարարի ուղեցույցով շեշտը դրված է հենց այս երեք կապող օղակների վրա: Ինչպես մյուս զորամասերում, մեզ մոտ ևս բանակի առօրյան նույնն է` հագեցած բանակին բնորոշ ծառայությամբ: Կարևոր է նաև կապավորների դերը բանակում: Կապի զորքերը ստեղծվել, կազմավորվել են պատերազմի բովում: Տարերայնորեն ձևավորված ինքնապաշտպանական ջոկատների կազմում եղել են բազմաթիվ կապավորներ, որոնց ճակատ է բերել հայրենիքի հանդեպ ունեցած սերն ու նվիրումը»,- նշեց միջոցառման գեղարվեստական մասի պատասխանատու, կրտսեր սերժանտ Միքայել Միքայելյանը:
Հարկ է նշել նաև, որ զորամասում առանձնակի դեր խաղաց նաև «Վարդանանք» ակումբի գիտական մասի խորհրդատու Քեյթի Գունդակչյանի «Լեռնապատում հայոց» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը: Բացի դրանից` վարդանանքցիները իրականացրին նաև «Շուշի» բեմականացումը, իսկ շնորհաշատ ուսանողներից մի քանիսն էլ երգեցին հայրենասիրական երգեր՝ այն նվիրելով Հայոց բանակի կազմավորման 22-ամյակին: Միջոցառման ավարտից հետո ուսանողները ճաշեցին զինվորների հետ։
Հավելենք, որ «Վարդանանք» ակումբը Արտաշատի զորամաս դատարկաձեռն չէր գնացել. Մայր բուհի բազմաթիվ ուսանողների նախաձեռնությամբ հավաքված հարյուրավոր գրքեր նվիրաբերեցին զորամասի գրադարանին:
Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան / ysu.am
Լուսանկարը՝ Լիլիթ Զեյնալյանի