«ՄԻԱՑՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ»՝ ՎԱՐԴԱՆԱՆՔՑԻՆԵՐԻ ՇՆՉՈՎ
ՆորություններԱրդեն 6 տարի է, ինչ «Միացյալ Հայաստան» ծրագրի շրջանակում վարդանանքցիներն Ամառային դպրոց են կազմակերպում Արցախում: Ակումբականներն օգոստոսի 2-ից 8-ը հանգրվանեցին Մարտակերտի շրջանի Վանք գյուղի Գուրգեն Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում: Պատահական չէ նաև այն փաստը, որ տարիներ շարունակ նախաձեռնությանը մեծ պատրաստակամությամբ աջակցում են ՀՀ պաշտպանության նախարարությունն ու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Արցախյան ուխտագնացությանը միացել էին «Վարդանանքի» ինչպես նորընծա, այնպես էլ «հնաբնակ» սաները: Ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի, փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանի, գիտական մասի պատասխանատու Քեյթի Գունդակչյանի ու զոհված ուսանող ազատամարտիկների ծնողների, հարազատների մասնակցությամբ 7-օրյա շրջայցը ոչ միայն հետաքրքիր էր, տպավորիչ հիշողություններով լեցուն, այլև նպատակային: «Միացյալ Հայաստան» ծրագրին միացել էր նաև գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ով ակումբի գլխավոր խորհրդատուն է:
76 վարդանանքցիներ, 7 օր վայելելով արցախյան շունչը, եղան Արցախի պատմամշակութային մի շարք վայրերում, Ասկերանի, Մարտունիի, Շուշիի ու Խոջալուիի զորամասերում ու ծաղիկներ դրեցին զոհված ուսանող ազատամարտիկների շիրիմներին: Ի հավելումն այդ ամենի՝ ուխտագնացության ընթացքում Վանքի միջնակարգ դպրոցում անցկացվեցին Պարույր Սևակի-90, Համո Սահյանի ու Հովհաննես Շիրազի 100-ամյակներին նվիրված գրական ընթերցումներ: Ընդ որում՝ գրական այդ ծրագիրը նաև զորամասեր կատարած այցերի բաղադրիչներից էր, իսկ «Շուշի» ներկայացումն առանձնակի տեղ գրավեց Ասկերանի զորամաս կատարած այցելության ժամանակ: Վարդանանքցիները եղան նաև ֆիդայական շարժման հրամանատար Նիկոլ Դումանի անվան տուն-թանգարանում, որտեղ կայացավ ԵՊՀ հրատարակչության աջակցությամբ տպագրված Համլետ Գևորգյանի «Նիկոլ Դուման» գրքի շնորհանդեսը:
«Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ այդ ուխտագնացությունը նախևառաջ նպաստում է հայ երիտասարդության շրջանում հայրենիքի ու բանակի հանդեպ սիրո ամրապնդմանը: Տիկին Աբրահամյանը նշեց նաև, որ ուխտագնացությամբ գոտեպնդվեց մեր զինվորների ոգին: Դա հատկապես շատ կարևոր էր նորակոչիկների համար, որոնց շարքերում նաև բազմաթիվ համալսարանականներ են: Այդ օրերին հատկապես զորամասերում հանդիպումներ իրականացվեցին Արցախյան պատերազմի մասնակիցների հետ:
«Մեր ազգային մտածելակերպը մենք պետք է ամրագրենք բանակի առօրյայում և յուրաքանչյուր զինծառայողի մեջ: Դուք մեր հո՛ւյսն եք, հա՛յ զինվորներ, և մենք շատ ենք ցանկանում, որ խելացի՛ լինեք, իսկ ձեր տան լույսը միշտ վա՛ռ լինի: Ձեր մայրերի աչքերն ուրախությունից պետք է շլացնեն մարդկանց, քանի որ իրենց զավակները ծառայում են հայոց բանակում, իսկ յուրաքանչյուր մոր համար զինվոր տղա ունենալն ամենից առաջ հպարտություն է: Յուրաքանչյուր հայ մոր համար զինվորի մայր կոչումն ամենամեծ ու պատվաբեր կոչումն է»,-զինվորների հետ զրույցում նշեց ակումբի նախագահը:
Վարդանանքցիների շարքերը նոր համալրած, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի Անահիտ Գևորգյանը փաստում է, որ ուխտագնացության 7 օրերը մեկը մյուսից տպավորիչ էին այնքանով, որ ամեն նոր օրն իր հետ բերում էր նոր հետաքրքրություններ. «Ոչ միայն հայրենիքի հանդեպ սերը, այլև ակումբականների՝ միմյանց նկատմամբ տածած հարգանքն էլ վկայում է, որ «Վարդանանքը» կարևոր առաքելությամբ է դաստիարակում իր սաներին: Նկատեցի, թե ինչպես էինք մենք զոհված մայրերի հետ հավասար արտասվում, իսկ դա վկայում է, որ սրտից դիմացինի սիրտը տանող ամենախորհրդավոր թելի ամրությունը շատ ուժեղ է»:
Հավելենք նաև, որ ուխտագնացության ընթացքում «Վարդանանք» ակումբի գիտական մասի խորհրդատու Քեյթի Գունդակչյանը ներկայացրեց «Լեռնապատում հայոց» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված ԵՊՀ 95 և հրադադարի 20-ամյակներին: Ուխտագնացության ավարտին էլ ծրագրի մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով, որոնք հանձնեց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Հովհաննես Վարդանյան