《ՎԱՐԴԱՆԱՆՔԸ》` ՄԱՅԻՍՅԱՆ ՇՆՉՈՎ
ՆորություններՄայիսի 8_ին 《Վարդանանք》ՌՀԴԱ_ը մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումով հանդես եկավ Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։
Միջոցառումը ներկայացվեց նախ թանգարանում, որտեղ միջոցառման մասնակից վարդանաքցիները մեկ առ մեկ անդրադարձան եռատոնի երեք հաղթական իրադարձություններին՝ նշելով, որ մայիսի 9_ը լոկ ամսաթիվ չէ մեզ համար, այլ լուսավոր ապագայի կերտման խորհրդանիշ է։ Այնուհետև հնչեցին հաղթանակը գովերգող, մեր հերոսներին ու նրանց սխրանքները հավերժացնող բանաստեղծություններ, երգեր։
Վերջում անդրադարձ կատարվեց ապրիլյան քառօրյային, քառօրյայի հերոսներին, և պարզ դարձավ, որ նաև այս եռատոնի հաղթանակների ժառանգականության շնորհիվ էր, որ մենք ունեցանք 2016թ. հաղթական ապրիլը։
Հրավիրյալների թվում էին ապրիլյան հերոսների ծնողները։ Ներկա էին Անդրանիկ Զոհրաբյանի ծնողները, Աղասի Ասատրյանի ու Հենրիկ Ղահրամանյանի մայրերը։ Նրանց լուռ, վշտոտ, խոնարհ ու հպարտ աչքերը կենդանի փաստ են այն մասին, թե ինչու է հայը նշելու այսպիսի հաղթանակների օրեր։
Հանդիսատեսի շարքերում էին նաև Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույր, 《Վարդանանք》ՌՀԴԱ_ի փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, արցախյան ազատամարտի հերոս Վարդան Բախշյանի քույր Աննա Բախշյանը, ով իր եզրափակիչ խոսքում պատմեց արցախյան պատերազմից, խոսեց իր եղբորից՝ Վարդան Բախշյանից, սերունդներին հղեց իր հայրենասիրական կոչը, իսկ քառօրյայի հերոսների ծնողներին մաղթեց համբերություն։
Իրենց ելույթներով հանդես եկան նաև տուն_ թանգարանի տնօրեն Անժելա Խորենյանն ու 《Վարդանանք》ՌՀԴԱ_ի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը, ովքեր փառք տվեցին բոլոր հերոս նահատակներին ու շնորհավորեցին հաղթանակի օրը։
Միջոցառման մասնակիցները և վերոնշյալ հյուրերը թանգարանից հետո գնացին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, որտեղ սպասում էին ապագա սպա կուրսանտները։ Վարդանանքցիները միջոցառումը ներկայացրին այնտեղ ևս։ Նրանց միացավ նաև 《Վան》ազգագրական երգի, պարի համույթը։
Դահլիճում տոնական մթնոլորտ էր։ Հաղթական ու հայրենասիրական ոգին իշխող էր դարձել։
Միջոցառման ավարտին հայկական 《Յարխուշտայի》հնչյունների ներքո 《Վան》 համույթին միացան կուրսանտները, հյուրերը, և հաղթական պարով ավարտվեց միջոցառումը։
Լուսինե Հակոբյան