Հոկտեմբերի 1-ին լրացավ Տիգրան Պետրոսյանի հիշատակի 25 ամյակը
ՆորություններԾնվել է 1965 թ. մարտի 29-ին ՀՀ Հրազդանի շրջանի Արտավազ գյուղում: 1980 թ. գերազանց գնահատականներով ավարտել է տեղի ութամյա դպրոցը և ընդունվել Երևանի հաշվիչ-մեքենաների տեխնիկում: Ուսումնառության ընթացքում Պետրոսյանների ընտանիքը տեղափոխվել է Աբովյան քաղաք մշտական բնակության: Տեխնիկումն ավարտելուց հետո Տ. Պետրոսյանը աշխատանքի է անցել Ս. Մերգելյանի անվան հաշվողական կենտրոնում:
1984 թ. զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայությունն անցկացրել Աֆղանստանի Սալանգի լեռնանցքում տեղակայված զինվորական ստորաբաժանումում: Տ. Պետրոսյանը Խորհրդային կառավարության և Աֆղանստանի ղեկավարության կողմից արժանացել է հետևյալ պարգևների և մեդալների` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988 թ. հունվարի 28-ի հրամանագրով պարգևատրվել է ՙ70 лет воорженных сил СССР՚ (ԽՍՀՄ զինված ուժերի 70 տարի) հոբելյանական մեդալով: Աֆղանստանի նախագահի 1988թ. մայիսի 15-ի հրամանագրով պարգևատրվել է ՙВоину-интернационалисту от благодарного афганского народа՚ (Մարտիկ-ինտերնացիոնալիստին երախտապարտ աֆղան ժողովրդից) մեդալով: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1988 թ. դեկտեմբերի 28-ի հրամանագրով պարգևատրվել է ՙВоину-интернационалисту՚ (Մարտիկ-ինտերնացիոնալիստին) մեդալով և պատվոգրով:
1987 թ. զորացրվելուց հետո Տ. Պետրոսյանը ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժին: Արցախյան շարժումը ստիպեց նրան կիսատ թողնել համալսարանական ուսումը և Աբովյանի երկրապահ ջոկատի կազմում մասնակցել հայրենիքի ազատագրմանը: 1992 թ. ՙԱրծիվ՚ մահապարտների գումարտակի կազմում մասնակցել է Արցախի ինքնապաշտպանական մարտերին: Տ. Պետրոսյանը զոհվել է 1992 թ. հոկտեմբերի 1-ին Բերձորում (Լաչին) մղված ռազմական գործողությունների ժամանակ:
ՀՀ պաշտպանության նախարարի 1996 թ. դեկտեմբերի 20-ի թիվ 586 հրամանի Տ. Պետրոսյանը հետմահու պարգևատրվել է ՙ1992-1994 թթ. մարտական գործողությունների մասնակից՚ կրծքանշանով:
ՀՀ նախագահի 2002 թ. հունիսի 1-ի հրամանագրով պարգևատրվել է ՙԱրիության՚ մեդալով:
Ամուսնացած էր, ուներ մեկ որդի: