«ՆՐԱ ՀՈԳԻՆ ՍԱՎԱՌՆՈՒՄ Է ԵՐԿՆՔՈՒՄ»

Նորություններ
tatul1
Ապրիլի 21-ին կլրանար ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձը:

Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ ապրիլի 21-ին հիշատակի և ոգեկոչման միջոցառում էր կազմակերպվել նրա հայրենի գյուղում, որն այժմ կրում է հերոսի անունը: Ավանդույթի համաձայն` հերոսի ծննդյան օրը նրա հայրենի գյուղը կրկին բազմամարդ էր: Բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, ուսանողներ, դպրոցականներ, պատանի երկրապահներ և, իհարկե, Թաթուլի հարազատներն ու ընկերները եկել էին ևս մեկ անգամ հարգելու հերոսի հիշատակը, արժևորելու քաջարի հայորդու սխրանքը:

Ներկաները նախ այցելեցին հայրական տուն, որը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ շուտով կվերածվի տուն-թանգարանի: Բարձրաստիճան հյուրերի հաջորդ կանգառը Թաթուլ Կրպեյանի շիրիմի մոտ էր, որտեղ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Ազգային հերոսի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, կատարվեց նաև հոգեհանգստի կարգ:

«Ասել, որ Թաթուլը մեզ հետ չէ, այդպես չէ, նրա հոգին սավառնում է երկնքում: Այս քարեղեն կոթողները արևի ճառագայթների միջոցով նրա հոգուց հղած հուրն անդրադարձնում են դեպի մեզ, հատկապես դեպի երեխաները, պատանի երկրապահները, ովքեր ոգևորվելու և դաստիարակվելու են Թաթուլ Կրպեյանի կերպարով»,- նշեց ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Թաթուլ Կրպեյանից սերունդները շատ բան են սովորել:

«Նա ամեն անգամ, երբ Գետաշենից գալիս էր և հանդիպում ուսանողության ու դասախոսների հետ, մի անբացատրելի ոգևորություն էր տիրում ֆակուլտետում: Նա մեծ սիրով պատմում էր Գետաշենի, բնակչության մասին, թե ինչ միասնական են, ինչ կամք ունեն և թե ինչպես են պայքարում: Նա միշտ խոսում էր այն մասին, որ հաղթելու ենք, և պայքարը մղվելու է մինչև վերջ: Այդ ժամանակ չափազանց մեծ դժվարություններ կային զենք-զինամթերք ձեռք բերելու առումով, և այդ ծանր իրադրության մեջ էլ նա միշտ կարողանում էր իր կենսունակությունը պահել և բնակչության շրջանում բացառիկ հեղինակություն էր վայելում»,- այսպես է Թաթուլին հիշում նրա մտերիմ ընկեր, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ով նույնպես մասնակցում էր միջոցառմանը:

Թաթուլը ազգային ոգով օժտված մեծ հայրենասեր էր, առաջիններից էր, ով հայրենիքի համար ծանր ու բախտորոշ պահին նետվեց ազատագրական պայքարի հորձանուտը՝ համակված կորուսյալ հայրենիքը անգամ արյան գնով վերադարձնելու վճռականությամբ: Այդ նվիրական փափագին հասնելու ճանապարհին Կրպեյանը չխնայեց ոչինչ՝ անգամ սեփական կյանքը: Եվ հատկանշական է, որ Արցախյան ազատամարտում ընդհատված նրա կենսագրության էջերը մինչ օրս էլ երիտասարդության համար ոգեշնչման ու հայրենասիրության յուրօրինակ դասեր են:

Հանդիսավոր միջոցառման գեղարվեստական մասն ապահովեցին ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամներն ու Թաթուլ Կրպեյանի անվան միջնակարգ դպրոցի սաները, ովքեր արտասանեցին հերոսի բանաստեղծություններից, ինչպես նաև ՊՆ «Զորական», «Սարդարապատ» համույթների սաները, մի շարք երգիչ-երգչուհիներ և ուրիշներ:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի անդամները Թաթուլ գյուղի միջնակարգ դպրոցում հանդես են եկել «Դասը վարում են համալսարանականները» ծրագրով: Առաջիկայում նույնպես ի հիշատակ Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակի՝ այդ միջոցառումները կկրեն  շարունակական բնույթ: Հերոսի հիշատակի օրը՝ ապրիլի 30-ին, Պատմության ֆակուլտետն ու «Վարդանանք» ակումբը հանդես կգան համատեղ միջոցառմամբ, իսկ ապրիլի 24-ին, ավանդույթի համաձայն, վարդանանքցիներն ու հարյուրավոր երիտասարդներ կբարձրանան Արտին լեռն ու կվառեն վերածնունդն ու հերոսի  հիշատակը ոգեկոչող ջահը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ / ysu.am

Այլ Նորություններ